Արդեն երկու ամիս շարունակ մայրաքաղաքն ալեկոծվում է տրանսպորտի թանկացման լուրերից։
Բնակչությունը փորձում է տարատեսակ մանուկ պաշտոնյաների բացատրությունների, կեղծ հաշվարկների հետևում գտնել որևէ խիղճ, որևէ կարեկցանք և տնտեսագիտական բացատրություն , գիտելիք։
Զու՜ր հույսեր:
Քաղաքական այս վարչախումբը երբեք ետ չի կանգնելու իրենց հակաժողովրդական քաղաքականությունից, և խոշոր հաշվով Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողի համար բնավ էական չէ տրանսպորտի 100 դրամը։
Այո՛, այդ վարչախումբը, նրա առանցքային դեմքերը, տեղերում դրանց մանկլավիկները ահռելի ակտիվների տեր են դարձել, անընդհատ գերթանկարժեք առանձնատներ, մեքենաներ են գնում, կահավորում և այդ ամենն անում են բյուջեի հաշվին և կամ բյուջե չգնացող ֆինանսների հաշվին։
Այս իմաստով բացառիկ բնութագրական է մայրաքաղաքը կառավարող պաշտոնյաների օլիմպիական հեռավորությունը հասարակ մարդկանցից։
Միջին վիճակագրական երևանցին երբեք չէր կարող պատկերացնել, որ նիհարիկ, դալուկ, օրվա գարեջրի փողը չունեցող ջահելները կարող են արագ կերպով հասնել և անցնել տեղի և արտասահմանյան շքեղ կյանքով ապրողներին և կատարել զեխ ու շվայտ ծախսեր բյուջեի հաշվին։
Այսօր, արդեն քաղաքապետ աշխատողը խոստովանեց, որ այո, ինքը մոտ ութ միլիոն դրամ արժեցող տոմսով է ուղևորվել դեպի ԱՄՆ։
Եվ դա այն դեպքում, երբ նրա պատվիրակության անդամները նույն ինքնաթիռի նույն սալոնում թռիչքի համար վճարել են տասն անգամ էժան։
Խոստովանողը քպ անդամին հատուկ վարքագծով մեղքը գցեց իբր ինչ-որ թերացողների վրա, իբր ինչ-որ սխալ պլանավորման վրա և խոստացավ վերականգնել վատնված գումարը։
Դե, սրանց արդեն վեց տարի ճանաչում ենք և գիտենք սրանց ուղնուծուծը։
Հիմա դիմում եմ երեանցիներին և ներկայացնում թե այդ տոմսի գնով ինչ կարելի էր անել:
Խոսքը ութ միլիոն դրամի մասին է։
1. ՈՒթսուն հազար երևանցիներ կարող էին մեկ անգամ օգտվել քաղաքային տրանսպորտից։ Ութսուն հազարը Երևանի բնակչության տասը տոկոսն է։
2. Քսանհինգ հազար Երևանցիներ կարող էին մեկական հաց գնել։ Հավատացեք, որ թոշակառու շատերը հացի փող իսկ չունեն։
Երևանի քաղաքապետը առնվազն պետք է հրաժարական տա և լքի մայրաքաղաքի կառավարումը։ Գիտակցել է պետք, որ նրա ցանկացած պնդում, խոսք, հանձնարարական այլևս չունի վստահություն և լրջագույն խաթարում է բերելու հանրային կառավարման մեջ։
Հրաժարականը մի՛ ուշացրեք:
Երեանցին սպասում է ձեր քայլին։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ